Սեպտեմբերի 30-ին կայացած նիստում Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհուրդն անդրադարձավ կրթական ծրագրերի զարգացմանը, միջազգային համագործակցությանը և համալսարանի գործունեության կազմակերպմանը։
Հաստատվեցին լրացուցիչ կրթության մոդուլային երկու ծրագիր, որոնք հնարավորություններ են ստեղծում թվային ոլորտում մասնագիտական գիտելիքները խորացնելու և դասավանդողների հմտությունները զարգացնելու համար։
Հաստատվեց նաև Erasmus+ SIN-NEC նախագծի շրջանակում իրականացվող «Կրթության, արհեստական բանականության (ԱԲ) կիրառման մեթոդներ և «կանաչ» հաղորդակցության գործիքներ» վիրտուալ փոխանակման ծրագիրը՝ համատեղ ուսուցման և միջազգային փորձի փոխանակման նոր հնարավորություններով։
Նիստի առանցքային հարցերից էր ԵՄՀ միջազգային և զարգացման ծրագրերի ընթացքի ներկայացումը։ Ռազմավարական զարգացման և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Էդգար Ամիրխանյանը հանգամանալից զեկույցով անդրադարձել է համալսարանի կողմից իրականացվող խոշոր միջազգային նախագծերին, մասնավորապես՝ KPI4HE («Էրազմուս+» ԿԱՑ ազգային շրջանակ), SIN_NEC, EU-BRIDGE, JOPSCIP և MICROGIER ծրագրերին։
Զեկույցում մանրամասն ներկայացվել են նշված նախագծերի շրջանակում իրականացվող ընթացիկ աշխատանքները, նախատեսվող միջոցառումները և ծրագրային դրույթները: Կարևորվել է միջազգային նախագծերից ստացված փորձառության և լավագույն պրակտիկայի գործնական ներդրումը ԵՄՀ կրթական ծրագրերում և առօրյա աշխատանքներում՝ ուղղված կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև ներառական, թվային ու կանաչ միջավայրի ձևավորմանը:
Խորհուրդն անդրադարձավ նաև գիտական աշխատանքների հրատարակմանն ու համալսարանի ներքին աշխատանքների կազմակերպմանը՝ ընդունելով համապատասխան որոշումներ։
Առանձին ուշադրության արժանացան COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Ներկայացվեց Կանաչ գոտու սեսիաներին ԵՄՀ մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Քննարկվեցին նաև համաժողովի օրերին ուսումնական գործընթացի կազմակերպման և համալսարանի բնականոն գործունեության ապահովման հարցերը։



